30/04/2020 16:10
Հայաստանում աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում. Գլխավոր դատախազ
Այս պահին տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր կան՝ նախադեպը չունեցող քննության ծավալներ ունեցող, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Օպերատիվ տեղեկություններ և փաստական տվյալներ ունենք, որոնց վերլուծությունը վկայում է 10-15 տարի տևական ժամանակ թաքցրած և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ։ Դրանք հաճախ իրականացվել են շուրջ հարյուր սուբյեկտների կողմից», - ասաց նա՝ ընդգծելով, որ նախնական տպավորությունն այն է, թե տվյալ գործունեությունը մեկ կամ երկու կենտրոններից է ղեկավարվել։
Դավթյանն ընդգծեց՝ դրանք կազմակերպվել են այնպիսի եղանակով, որպեսզի դրանց բացահայտման համար խոչընդոտներ ստեղծվեն։
«Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր չեն քննվել։ Գոնե իմ հիշած ժամանակներից նման ծավալ չենք ունեցել», - ասաց նա։
Դավթյանի խոսքով՝ այսօր լուրջ թիմային աշխատանք է իրականացվում նաև միջազգային համագործակցության ոլորտում բոլոր օպերատիվ և փաստական տվյալները ստուգելու, դրանք հերքող կամ հավաստող ապացույց ձեռք բերելու համար։
«Որ փուլում որքան առերևույթ հանցագործության վերաբերյալ ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ։ Այս փուլում էլ որոշակի անձանց հանդեպ ունենք հետապնդումներ», - ասաց գլխավոր դատախազը։
Նա նկատեց՝ խոսքը հարուցված այն քրեական գործերի մասին է, որոնց վերաբերյալ հրապարկումներ եղել են։