30/04/2020 12:12
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, այս պահի դրությամբ, բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, այս պահի դրությամբ, բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ։
«Ընդ որում, շահառու տնտեսվարողների թիվը, ովքեր օգտվել են մեր հակաճգնաժամային միջոցառումներից, 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 775 հազար մարդ, այսինքն՝ 775 հազար մարդ, այս պահի դրությամբ, օգտվել է մեր հակաճժգնաժամային միջոցառումներից որևէ մեկից», - ասաց վարչապետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ 14-րդ միջոցառման շրջանակում ավելացրել են առնվազն չորս հազար հարյուր ուսանողի։
«Նաև՝ պոտենցիալ վարկերից օգտվող, այսինքն՝ թվերը, որ դուք հնչեցրեցիք, փաստացին են, բայց ունենք հաստատված միջոցառում, որ այսօրվանից կարող ենք ասել, որ թիվը պոտենցիալ ավելի է», - ասաց փոխվարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենք առանց բացառության օգնում են բոլոր ուսանողներին։
«Այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար այդ աջակցությունը ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար պակաս շոշափելի է։ Սա մենք անում ենք ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալուց, որովհետև եթե հիմա ցածր առաջադիմություն ունեցող ուսանողը օգտվի նույն չափով, ինչ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը, էլ որտե՞ղ կլիմի կառավարության մոտիվացիոն համակարգեր ունենալու քաղաքականությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։