30/04/2020 18:14
Օպերային թատրոնն առցանց կներկայացնի «Ջազի առաջին լեդի» Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսագրությունը
Ջազի միջազգային օրվա կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան հարթակում հանրությանը կներկայացնի ամերիկացի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:
«Նվիրվում է ջազի բոլոր սիրահարներին.
Հարգելի հանդիսատես, այսօր միասին նշում ենք Ջազի միջազգային օրը:
Միացեք մեզ ժամը 19:00-ին և դիտեք 2017 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցած ամերիկացի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:
Երեկոն նախաձեռնել էին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Համերգի հատուկ հյուրն ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Մարջորի Բարնսն էր, ով հանդես եկավ Վահագն Հայրապետյանի, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ-կվարտետի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Դիրիժոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ.արտիստ Կոնստանտին Օրբելյան», - գրված է Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Էլլա Ֆիցջերալդն ամերիկացի ջազային երգչուհի է, ջազային երաժշտության պատմության մեջ ամենահզոր վոկալ ունեցողներից: Հայտնի է «Ջազի առաջին լեդի», «Երգի առաջին լեդի», «Լեդի Էլլա» անուններով, ունեցել է 3 օկտավա հզորությամբ ձայն, եղել է սկետի և ձայնային իմպրոզիվացիաների վարպետ:
13 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, 1987 թվականին ԱՄՆ-ի Ազգային արվեստի, իսկ 1992 թվականին՝ Անկախության նախագահական մեդալակիր է:
Արվեստի և մշակույթի կավալերի շքանշանակիր (Ֆրանսիա 1992):
Իր 50-ամյա գործունեության ընթացքում թողարկել է ավելի քան 90 ալբոմ և ժողովածու՝ ինչպես սոլո, այնպես էլ այլ հայտնի ջազային երաժիշտների մասնակցությամբ, այդ թվում՝ Դյուկ Էլինգստոնի, Լուի Արմսթրոնգի, Քուիսնի Ջոնսոնի, Կաունտ Բեյսի, Ջո Պասի, Օսկար Պիտերսոնի:
Ֆիցջերալդի տաղանդին մեծ գնահատական են տվել անվանի կոմպոզիտորներ Կոուլ Պորտերը, Իրվինգ Բերլինը, Անտոնիու կարլոս Ժոբինը, պոետ-երաժիշտներ Այրա Գերշվինը, Ջոն Մերսորը:
Ողջ կյանքի ընթացքում վաճառվել է երգչուհու ձայնագրությունների ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ: