30/04/2020 16:35
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի միջազգային օրվա կապակցությամբ նոր ստեղծագործություն է պատրաստել (Տեսանյութ)
Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր ստեղծագործությամբ է հանդես եկել:
«Ծաղկազարդ» ստեղծագործության հեղինակը նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն է:
«Մեծ ջազ նվագախումբ Big Band. դա տոն է ամեն օր: Տոն դրականի, գեղեցիկի և սիրո: Ջազի միջազգային օրը համաշխարհային երաժշտական տոնական խրախճանքին միանում ենք և զարդարում այն նոր ստեղծագործությամբ և նոր ձայնագրությամբ:
Վստահաբար, այսօր արդեն ոչ թե Pandեմիա, այլ՝ Bandեմիա…
Մաղթում ենք առողջություն և լավ տրամադրություն», - գրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի ֆեյսբուքյան էջում:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Այսօր էլ շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև՝ միավորելով ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
Այն ազատություն խորհրդանշող երաժշտություն է, որը խոսում է հենց այդ լեզվով և առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային աշխարհի համար:
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: