01/05/2020 14:41
Մայիսի 4-ից կվերացվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները․ տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինի
Մայիսի 4-ից Հայաստանում կվերացվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«ՀՀ տարածքում բոլոր քաղաքացիներն իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ, պահպանվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը», - ասաց փոխնախարարն՝ ընդգծելով, որ տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն ևս չի լինի։
Նրա խոսքով՝ երբ որոշում կայացվի թույլատրել հանրային տրանսպորտի գործունեությունը, կհրապարակվեն համապատասխան ուղեցույցներ, որոնցում նշված կլինի, թե ինչպես պետք է համավարակի պայմաններում շահագործել տրանսպորտը և անվտանգ երթևեկություն կազմակերել։
«Այս փուլում արգելքը չի հանվել, որովհետև հանրային տրանսպորտը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեության տեսակ է», - ասաց Սիմոնյանը։
Փոխնախարարը նաև նկատեց, որ միջմարզային տրանսպորտը ևս չի գործի։
«Այս մի քանի օրերի իրավիճակից կախված՝ ամեն պահի հնարավոր է, որ նոր որոշում կայացվի», - հավելեց փոխնախարարը։