01/05/2020 12:30
Արսեն Բաբայանը պահանջում է պատասխանատվության ենթարկել պատգամավոր Հրաչյա Հակոբյանին (Տեսանյութ)
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց պահանջում է պատասխանատվության ենթարկել Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է։
Նա պատրաստվում էր դիմում ներկայացնել դատախազություն, սակայն դատախազության դռները փակ էին։
«Իհարկե, կանխատեսելի էր, որ դատախազության դռները կարող են փակ լինել, և մինչ այստեղ գալս պաշտոնական էլետրոնային փոստով դիմումն արդեն ուղարկել եմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը՝ մանրամասնելով, թե ինչի մասին էր դիմումը։
«Այն հարցերի շարքը, որ ֆեյսբուքում ներկայացրել էր պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, իմ համոզմամբ, գրվել է այլ տեղ, գրվել է վարչապետի կողմից։ Ընդհանրապես, վերջերս բոլոր տեքստերը, որոնք կապ ունեն պարոն Վանեցյանի հետ, գրվում են վարչապետի կողմից», - ասաց իրավապաշտպանը։
Նա նշեց, թե Հրաչյա Հակոբյանը, լինելով իշխանության ներկայացուցիչ, պատգամավոր, անում է անհեթեթ, զրպարտչական հայտարարություն, բայց ինչ-որ հնարքի կիրառմամբ, այդ հայտարարությունը ձևակերպում է այնպես, որ, իր կարծիքով, հնարավոր չլինի իրեն պատասխանատվության ենթարկել զրպարտչության համար, և ձևակերպում է հարցեր։
«Ինչո՞ւ հենց Հրաչյա Հակոբյանը։ Բոլորս գիտենք, որ ինքը վարչապետի ընտանիքի անդամ է, և կարող է հանրության մոտ տավորություն ստեղծվել, որ եթե վարչապետի ընտանիքի անդամն է խոսում այդ մասին, ուրեմն նա տեղեկացված է։ Բայց հայտարարությունը, որ գրվել և հրապարակվել է, ընդամենը դեղին մամուլին հարիր հայտարարություն է։ Դատապարտելին նաև այն էր, որ վարչապետի գրպանի պատգամավորներից մեկը, որն իրեն անկախ է հռչակել, այդ գիծը տանում է առաջ, ասելով, թե այ, գիտեք, եթե Հրաչյա Հակոբյանն է ասում, որն ընտանիքի անդամ է, ուրեմն այդպես է։ Մենք գործ ունենք Ազգային անվտանգության նախկին տնօրենի, բարձրաստիճան սպայի պատվի հետ, և այստեղ առնվազն երեք ուղղություններով պետք է լինի գնահատական՝ քաղաքական, իրավական և բարոյական», - ասաց Արսեն Բաբայանը։