01/05/2020 10:41
Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ներկա պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն ավելի է կարևորվում: Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջությունը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար:
Պետության գլխավոր նպատակներից եղել և մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրա, ստեղծել նյութական, մշակութային և հոգևոր արժեքներ՝ դրանով իսկ նպաստելով ինչպես իր և իր ընտանիքի բարեկեցության ու բարօրության ապահովմանը, այնպես էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զորացմանը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»: