02/05/2020 22:02
Փաշինյանն ինձ առաջարկել է մուծել սիմվոլիկ գումար, չգալ Հայաստան, դառնալ ապաքաղաքական և ապրել երջանիկ. Միքայել Մինասյան (Տեսանյութ)
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վիդեշարք է սկսում, որտեղ պատասխանելու է մարդկանց հարցերին։
«Պատմելու եմ բաներ, որոնք ձեզ հետաքրքիր են, ներկայացնելու եմ իմ տեսլականները, գաղափարները։ Խոստանում եմ լինել շատ ազնիվ և պարզ», - ֆեյսբուքյան էջում հրապարակված շարքի առաջին տեսանյութում ասել է Միքայել Մինասյանը։
Առաջին զրույցն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին է։
«Հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ իր նախաձեռնությամբ՝ 2019 թվականին՝ Հռոմում։ Այդ հանդիպման մասին հայտարարել է Վանեցյանը, որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
Դեպքերը հետևյալն են. Արթուր Վանեցյանը զանգահարեց, ասաց, որ ուզում է ինձ հանդիպել։ Այդ ժամանակ արդեն երկու ամիս էր, ինչ դեսպան չէի, բայց ապրում էի Հռոմում։ Ի դեպ, շատ լավ ճանաչել եմ Արթուր Վանեցյանին, երբեք չեն եղել մտերիմ, ընկեր։ Իմ հարցին, թե ո՞րն է հանդիպման նպատակը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանը քեզ մեսիջ ունի։ Եկավ, ասաց, որ այստեղ է որպես ԱԱԾ տնօրեն և իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ Ասաց, որ մենք ունենք քեզ առաջարկ՝ դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ ոնց, կքննարկենք՝ ուր, անշուշտ, ինչ-որ մի պետական հիմնադրամ։ Դրանից հետո դու չես գալիս Հայաստան՝ գոնե առաջին տարիների ընթացքում։ Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դու իրենց համար կարևոր ես, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ։
Այդ վայրկյանից, երբ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործընթացները միանգամից դադարեցվում են, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը հորս, ընկերներիս մասին էր, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող բարեկամներ», - Վանեցյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Միքայել Մինասյանը։
Մանարամասները՝ տեսանյութում: