02/05/2020 16:59
Որոշվել է թուլացնել սահմանափակումները, ինչի հետևանքով հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. Հայտարարություն
«COVID-19-Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավելի, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ:
Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունն, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումն, այլ հակառակն՝ ավելի լայն թափով տարածվեց:
Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների:
Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի հետևանքով հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»։