04/05/2020 15:52
Չի բացառվում, որ մինչև մայիսի վերջ կհասնենք կորոնավիրուսով վարակման 10 000 դեպքի․ նախարար
Որքանով կաճի կորոնավիրուսի վարակման թիվն առաջիկայում՝ կախված է մեր վարքագծից, լրագրողնեի հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր բոլորի վարքագիծն է պայմանավորելու՝ մենք ունենալու ենք 10 հազա՞ր դեպք մայիսի վերջին, թե՞ 50 հազար դեպք», - ասաց նախարարը:
Ճշտող հարցին՝ ի վերջո, կա՞ կանխատեսում, թե վարակման քանի՞ դեպք կունենանք մայիսի վերջին՝ Թորոսյանը պատասխանեց.
«Իմ նշած 10 հազար թիվը շատ հավանական է»։
Նախարարը չբացառեց, որ սահմանափակումների վերացումը կնպաստի վարակի տարածման աճին՝ նշելով․
«Նաև պետք է խոստովանեմ, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով։ Դա մի օր պետք է տեղի ունենար և այդ ժամանակը մենք օգտագործեցինք ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի գցելու և մարդկանց մեջ որոշակի վարքագծային կանոններ դրսևորելու համար։ Օրինակ, եթե մի ամիս առաջ սրճարանները բացվեին, մենք վարքագծային կանոններ չունեինք, հիմա ունենք», - ասաց նա։