04/05/2020 18:53
Իրանի ԱԳՆ-ում կարծում են, որ ԱՄՆ-ին չի հաջողվի երկարաձգել Թեհրանի դեմ զենքի էմբարգոն
ԱՄՆ-ին չի հաջողվի երկարաձգել զենքի էմբարգոն Իրանի դեմ, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին: Նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Ինչ վերաբերում է զենքի էմբարգոյի երկարաձգմանն ուղղված ամերիկյան ջանքերին, մենք հոսով ենք, որ այս հարցը չի դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Սակայն եթե դա տեղի ունենա, Իրանը համապատասխան պատասխան կտա», - մեջբերում է նրան «Young Journalists Club» գործակալությունը:
Մուսավիի խոսքով՝ «Վաշինգտոնն իր դուրս գալուց հետո ցանկանում է ոչնչացնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բոլոր ձեռքբերումները»:
«Մենք սերտ կապի մեջ ենք միջուկային գործարքի մյուս կողմերի հետ և վստահ ենք, որ ԱՄՆ նոր գործողությունները հաջողություն չեն ունենա», - ավելացրել է նա:
Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած միջոցառում ձեռնարկել՝ թույլ չտալու համար, որ Թեհրանը ռուսական կամ չինական զրահատեխնիկա ձեռք բերի էմբարգոյի ավարտից հետո: