04/05/2020 18:35
Հռոմի պապը հայտնել է կորոնավիրուսի դեմ համընդհանուր աղոթքի օրը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, թե երբ ամբողջ աշխարհի հավատացյալները կարող են աղոթել կորոնավիրուսից ազատվելու համար: Այդ օրը կլինի մայիսի 14-ը, փոխանցում է «Vatican News»-ը:
«Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք դիմել Աստծուն՝ աղոթելով և ներում հայցելով, ծոմ պահելով և բարի գործեր կատարելով՝ համապատասխան մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին, որպեսզի նա վերջ դնի այս համավարակին, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից», - ասվում է հայրապետի ուղերձում։
Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար։
Նա նշել է, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բուժման հույս ունենալ»։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր աջակցությունն է հայտնել նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարդկանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին և կամավորներին։