04/05/2020 12:12
Հայաստանում սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ երկրում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա․ Արսեն Թորոսյան
Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն է մեկնարկել, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ ՀՀ-ում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունական տեղի ունենա։ Այսինքն՝ Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն կա», - ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ առողջապահության նախարարության կողմից սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն՝ նախնական 100 հազար արտահագուստի քանակով։
«Քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում թանկացել են հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։
Մինչ այս արտադրությունները սկսելն էլ մենք ունեցել ենք փոքր քանակի ձեռքբերումներ տեղում, և մեծ քանկաների ձեռբերումներ՝ Չինաստանից։ Այս առումով կարծում եմ՝ միակ խնդիրը լինելու է ֆինանսական ապահովումը, ոչ թե դրանց առկայությունը», - ասաց նա։
Խոսելով FFP 3 և N 95 դիմակների մասին՝ նախարարն ասաց, որ դրանց քանակները ևս բավարար են, բացի այդ՝ այս պահին միջոցներ են ձեռնարկվում դրանք տեղում արտադրելու համար։ Մասնավորապես, նախարարը նկատեց, որ այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։
«Եթե սա էլ տեղի ունենա, կարող ենք սկզբունքորեն ասել, որ պաշտպանիչ միջոցներով ինքնաբավ ենք», - ասաց նա։