04/05/2020 12:37
Բուժաշխատողների շրջանում վարակի դեպքեր առաջինը ունենում ենք պաշտպանիչ միջոցներին կարևորություն չտալու պատճառով․ նախարար
Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ոչ թե պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով են, այլ՝ դրանց անհրաժեշտ կարևորություն չտալու, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բուժաշխատողների շրջանում, երբ դեպքեր ենք ունենում, ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով ենք ունենում, այլ առաջինը դրանց կարևորություն չտալու, չուզելու, չստանալու կամ չգնելու պատճառով։ Օրինակ, հիվանդանոցում չկա դիմակ, որովհետև ոչ թե շուկայում չկա, այլ հիվանդանոցը կամ ԲԿ-ն չի կարևորել այնքան, որքան պիտի կարևորեր։ Գուցե տասը հոգու համար է գնել, բայց ամբողջ անձնակազմի համար պիտի գներ», - ասաց նախարարը։
Նա նկատեց, որ անգամ պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում բժշկական անձնակազմը ոչ միշտ է դրանք կրում։
«Այդ ուղղությամբ շարունական աշխատանքներ են տարվում՝ սովորեցնելու, թե ինչպես է ճիշտ կրել, գիտակցության բարձրացման առումով, որ բժիշկները հասկանան իրենք «անպարտելի» չեն և կարող են վարակվել ու վարակել ուրիշներին թե բժիշկ, թե պացիենտ։ Ինչպես նաև որոշակի պատժիչ մեխանիզմներ՝ օգտագործելով եղած գործիքակազմի շրջանակներում։ Այդ աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամեն ինչը երկար է տևելու, այսինքն՝ չի դադարելու մեր կողմից բուժաշխատողների պաշտպանվածությանն մակարդակը բարձրացնելուն ուղղված գործողությունները», - ասաց նա։