06/05/2020 11:49
Աշխատանքը բարդ երևույթ է, գալիս են փուլեր՝ անհրաժեշտ է կայացնել որոշումներ․ Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատելու մասին
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում աշխատանքի համար։ Համոզված եմ, որ նա արել է առավելագույնը առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են փուլեր, ժամանականեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ», - ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում նախարար Գրիգորյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ էական ձեռքբերումներ ունեցել են։
Հարցին, գո՞հ է եղել, թե՞ ոչ Գրիգորյանի աշխատանքից, Փաշինյանն ասաց․
«Ես բազմիցս ասել եմ, եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գո՞հ եմ, թե՞ ոչ, կասեմ՝ ոչ։ Սա չի նշանակում, որ ես համարում եմ՝ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ ես, բոլորս անենք ավելին, նույնիսկ ավելին, քան հնարավոր է, նույնիսկ ավելին, քան անհնար է։ Ես հավատում եմ, որ կարող ենք անել անհնարը, որովհետև 2018 թվականին մենք արել ենք անհնարը»։