06/05/2020 17:19
Հանրաքվեի անցկացման մասով այս պահին վերջնական որոշում չկա. Մակունց
Սահմանադրական հանրքավեն տեղի չի ունենա, քանի դեռ բազմամարդ միջոցառումներ անցկացնելը վտանգներ է ներկայացնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Մակունցը։
«Մեզ մոտ քննարկումներ տեղի են ունենում հետագա մեր գործողությունների առնչությամբ, որովհետև հասկանալի է՝ կան հստակ սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, և քանի դեռ բազմամարդ միջոցառումներ անցկացնելն, այդ թվում՝ հանրահավաքը վտանգներ է ներկայացնում, բնականաբար, դա տեղի չի ունենա», - ասաց նա:
Մակունցն ընդգծեց՝ այս պահին վերջնական որոշում հանրաքվեի մասով չկա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պիտի անցկացվեր ապրիլի 5-ին։ Դրանով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո վարչապետը հայտարարեց, որ հանրաքվեն չի կարող անցկացվել այս պայմաններում։