06/05/2020 17:24
Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ բանակցությունների մասին
Մենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կիլոմետրերով, բազմիցս դիրքորոշում ենք արտահայտել, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, և ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ և այդ հնարավորութունն օգտագործելու ենք: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք», - կրկին շեշտեց վարչապետը:
Նա ավելացրեց՝ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կա մի շատ կարևոր բանաձև. քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչ մի բան էլ որոշված չէ:
«Ինչքան լիազորություն ունենք, այդքան էլ բանակցում ենք և բանակցությունների գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը: