06/05/2020 14:40
Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ. Մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայմ՝ Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։
Որոշման համաձայն՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։
Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև 2020 թվականի մայիսի 16-ը ժամը 23:59-ը։
Ըստ մարզպետի՝ այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր կա հաստատված 149 դեպք, որից 39 դեպք՝ Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր կան նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։
Մարզպետը նշել է, որ Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։
«Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։
Ձեր և բոլորի անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝
• մնացե'ք տանը,
• սահմանափակե'ք շփումները,
• հետևե'ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին», - ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը։