06/05/2020 10:02
«Փաստ». Իշխանության «տանը» կռիվ է ընկել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով փորձում էին փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային կետերում, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից ու 6 դատավորից, առ այսօր մնում է օդում կախված։ Չնայած կորոնավիրուսային համավարակը արտաքուստ թեման «սառեցրել» է, սակայն իշխանամերձ որոշ անհատներ փորձում են այն պահել «ջրի երեսին»: Ավելին՝ ոմանք արդեն նույնիսկ Գավառի դեպքերն են կապում ՍԴ կազմը չփոխելու հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ հանրաքվեի հարցը, բնականաբար, նաև իշխանությունների օրակարգում է մնում, և ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրությունից հետո թեման ամբողջ ծավալով դարձյալ կմղվի առաջին պլան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը բավականին վճռական են տրամադրված այս հարցում։ Մեր զրուցակցի խոսքով՝ իշխանության ներսում քննարկումների հիմնական առանցքն այն է, թե՝ «տարբերակ չունենք, քանի որ համաճարակը շուտ չի վերանալու, անգամ կարող է 1-2 տարի տևել, չենք կարող «զադնի» դնել»: Սակայն այս առումով ամեն ինչ միանշանակ չէ:
Ըստ մեր տեղեկությունների՝ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունում և մերձիշխանական սատելիտ «փորձագիտական» ու քաղաքական շրջանակում տարբեր կարծիքներ են շրջանառվում. ոմանք կողմնակից են, որ իրավիճակը լուծվի ըստ օրենքի՝ հանրաքվեն անցկացնելով ժամկետների մեջ, հակադիր կարծիք ունեցողները պնդում են, որ հարցը պետք է կարգավորել արագորեն՝ ԱԺ շրջանակում։ Այլ բառերով ասած՝ իշխանության «տանը» կռիվ է ընկել»: