06/05/2020 18:00
Սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են այլ ուղղությամբ․ գումարները պիտի վերադարձվեն․ Նիկոլ Փաշինյան
Ի՞նչ է լինելու ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում աշխատող այն անձանց հետ, որոնք դիմել են աջակցության 9-րդ ծրագրի համար ու գումար ստացել, բայց հիմա գրություններ են ստանում առ այն, որ այդ գումարները պետք է հետ վերադարձվեն, խորհրդարանում վարչապետից հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև դրանք նախատեսված էին բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց համար։ Այն, որ ծառայությունների որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են և արձանագրված չեն ընդհանուր բազաներում, սողանցք է դարձել ու ցավալի փաստ է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են այլ ուղղությամբ։ Գումարները պիտի վերադարձվեն, ավելին՝ ծառայողական քննություն պիտի իրականացվի պարզվելու համար, թե ինչպես է դա ստացվել», - ասաց Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց՝ ցավալի է, երբ այսօրվա Հայաստանում ճգնաժամային պայմաններում կան մարդիկ, որրոնք չունեն օգնության կարիք, բայց գալիս գումար են ստանում։
«Դա շատ վատ երևույթ է ու շատ վատ երևույթ է, որ կողքից հիմա կասեն՝ «դե լավ, տարել տարել են, ոչինչ», ոչինչ չի ու մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձնեն։ Գաղտնի ծառայություն իրականացնող մարդկանց պիտի ասենք՝ «վերադարձրեք այդ գումարները, որովհետև դրանք ձեր գումարները չեն»։ Դա շատ վատ երևույթ ա», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նկատեց, որ ի սկզբանե ակնհայտ էր, պարզ գրված էր, թե ում է հասցեագրված ծրագիրն՝ ընդգծելով․
«Շատ ցավալի է, որ իրավապահ մարմիններում աշխատող մարդիկ կան, ում կոչումն ապօրինությունների դեմ պայքարելն է, բայց մտել են, որ գումար տանեն։ Ես դատապարտում են այս երևույթը, ամաչում եմ այսպես վարված մարդկանց համար»։