06/05/2020 11:00
150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի, 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմ դեպքերի համար․ Փաշինյան
ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում ստացված արդյունքներին։
Փաշինյանը, մասնավորապես նկատեց, որ առաջին գործողությունն արտակարգ դրությունն էր, սահմանափակումները, որի նպատակը Հայաստանում խուճապ թույլ չտալն էր։ Երկրորդ խնդիրը՝ ապահովելն էր, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարդկանց:
«Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցները չեն հերիքում և վերակենդանացման բաժանմունքների ենթակա մարդիկ ուղղակի հոսպիտակացված էին զբոսայգիներում, ծառերի տակ։ Այդ նպատակով մենք սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Բացի դրանից՝ 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմ դեպքերի համար։ 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար։ Այս ընթացում շուրջ 6000 մարդ է մեկուսացվել», - ասաց Փաշինյանը։