06/05/2020 16:16
Կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով, որովհետև սամանափակումներին լուրջ չեն վերաբերվում․ վարչապետ
ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են․
«Տավուշում մարդն իջել է սարից։ Ասում ա՝ «իջել եմ բան առնեմ, Երևանից մարդիկ են եկել, բռնել վրես ակտ են գրել»։ Հրազդանում էլ ա եղել, դա հետագայում ո՞նց պիտի լինի։ Նենց մարդիկ են, որ վճարունակ չեն», - ասաց Միքայելյանը։
Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին և դրա չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։
«Այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սամանափակումներին լուրջ չեն վերաբերվում, սա պրոբլեմ է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր խնդիրն այն է, որ մարդիկ չհիվանդանան», - ասաց Փաշինյանը։