06/05/2020 13:20
Պահանջում են չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք
Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։
Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես
Ա/ Տեստավորումների քանակի էական աճ,
Բ/ Ռեզերվային հիվանդանոցային բավարար մահճակալների ապահովում,
Գ/ Մեկուսացման հնարավորությունների էական մեծացում
Դ/ Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։
Ե/ Հանրային իրազեկման արշավ. հասարակության մի զգալի հատվածը չունի տարրական պատկերացումներ՝ վիրուսի տարածման մեխանիզմների և դրա վտանգների մասին։
Զ/ Սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում։ Խախտման համար խոշոր տուգանքների սահմանում։
Վերը նշվածը, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով նոր դեպքերի թվի աճը՝ օրական 120-ից ավել (մայիսի 6-ին՝ արդեն 163), օրական մինչև 1000 թեստավորման պայմաններում, բուժաշխատողների շրջանում մեծ թվով հիվանդների առկայությունը վկայում են իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին։
Այս պայմաններում կոչ ենք անում իշխանություններին՝ մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով հրաժարվել սահմանափակումների թուլացման քաղաքականությունից, էապես խստացնել սահմանափակումները։ Այդ ժամանակահատվածում իրականացնել վերը նշված և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքներ և միայն դրանից հետո գնալ սահմանափակումների թուլացմանը։ Հանրային առողջությունը և ժողովրդի բարօրությունը չեն կարող լինել քաղաքական շահարկման կամ քաղաքական ամբիցիաների խնդիր։
Բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, կոչ ենք անում՝ իրենց հրապարակային ձայնով միանալ այս նախաձեռնությանը։
Վահե Հովհաննիսյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Դավիթ Հարությունյան - «Լույս» Հիմնադրամ
Արմեն Գևորգյան - ՀՀ նախկին փոխվարչապետ
Էլինար Վարդանյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Արփինե Հովհաննիսյան - Իրավական ուղի ՀԿ