07/05/2020 11:25
ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ կապիտալ շինարարություններին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե քանակական, թե ֆինանսական առումով։
Նրա խոսքով՝ այսօր սկսվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասը կավարտվի մինչև օգոստոս։
Ղուլարյանն ասաց, թե պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանք։
«Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտի շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ», - ասաց նա։
Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն։
«Մեր առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը», - ասաց Ավինյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։
«Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ», - ասաց Հարությունյանը։