07/05/2020 17:48
ՀՀ զինված ուժերն ավարտին են հասցրել եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը. պատգամավոր
Պաշտպանության ոլորտում ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ, 2019 թվականն իրոք աննախադեպ էր մեր պաշտպանության համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Չորս հիմնական ուղղություններով մենք լրջագույն արդյունքներ ենք գրանցել՝ սպառազինություն, ինժեներական կառույցներ, սոցիալական ոլորտ և ռազմարդյունաբերություն:
Սպառազինություն. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել գերժամանանակից կործանիչ ավիացիա: ՀՀ զինված ուժերն առաջին անգամ հնարավորություն ունեն իրենց մարտական գործողությունները պլանավորելիս չունենալ հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ:
ՀՀ զինված ուժերն ավարտին են հասցրել եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը, և Ս300 համակարգերի հետ միասին՝ մեր ՀՕՊ միջոցներն ունակ են խոցելու հակառակորդի ցանկացած թիրախ», - ասաց պատգամավորը:
Նա միաժամանակ շեշտեց, որ ինժեներական լուրջ աշխատանքներ են կատարվել առաջնագծում:
Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, Տիգրան Կարապետյանը նկատեց՝ Հայաստանը սեփական արտադրության զենք և սպառազինություն է ընդունում, ինչը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում: