07/05/2020 12:55
Արցախի հիմնախնդրով այս պահին եղած շահարկումներն ինձ համար փարատված են․ Մարուքյան
Վարչապետի հետ խոսել ենք Արցախյան հարցի շուրջ ներքաղաքական շահարկումների մասին, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նկատեց, որ երեկ էլ նույն թեմայով զրուցել է ԱԳ նախարարի հետ։
Դիտարկմանը, թե ի՞նչ մտահոգություններ կային, որոնց մասով ցանկացել է հանդիպել վարչապետի հետ, Մարուքյանն ասաց․
«Այն, ինչ հրապարակային հայտարարվել է, դրանից դուրս մտահոգիչ բան չկա», - ասաց նա՝ ընդգծելով, որ ցանկացած հայտարարություն, որը լինում է Արցախի խնդրի հետ կապված, ԼՀԿ-ն հետևում է և չի կարող հստակ դիրքորոշում ձևակերպել, եթե բավարար տեղեկատվություն չկա։
Մարուքյանը շեշտեց, որ ամեն օր մամուլում շահարկվում է հարցը, թե Արցախը հանձնվում է։
«Արցախի հիմնախնդրով այս պահին եղած շահարկումներն ինձ համար փարատված են», - ասաց Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ պետք է երկար սպասել հասնելու համար այնպիսի որոշման, որը ընդունելի լինի երեք կողմերի համար էլ։
Մարուքյանը չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ հարցեր է ուղղել Փաշինյանին, դիտարկմանը՝ չի հետաքրքրվել Արցախը հանձնելու հարց կա՞, թե՞ ոչ, Մարուքյանն ասաց, որ դա անլուրջ մոտեցում կլիներ:
«Դա ինձ թվում է անլուրջ խոսակցություն է, ո՞նց եք պատկերացնում տեսնում ենք ԱԳՆ-ին, ասում ենք՝ կարո՞ղ ա Արցախը հանձնում եք, տեսնում ենք վարչապետին, հարցնում ենք՝ կարո՞ղ ա Արցախը հանձնում եք։ Իմ երևակայության մեջ Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում», - հավելեց նա։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են, որոնք ներառում են մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակյանն ի պատասխան հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նազդալյանն էլ հայտնել էր, որ Հայաստանի համար ընդունելի չեն մինչև 2018 թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները։
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանակությունը, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է հայկական կողմի սադրիչ գործողություններով: Նա հանձնարարել է ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակներն առաջնագծում։