05/05/2020 18:18
Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով
Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով:
Ամերիաբանկը կարևորում է վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում:
Վարկանիշը տրամադրելիս Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4 %, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված հիփոթեքային և սպառողական վարկերի մեջ:
Նշենք, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.
• բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում
• ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի
• իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
Չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակին՝ Moody's վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ Ամերիաբանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները և իրացվելիության մակարդակը կմնան կայուն: