07/05/2020 11:47
Այս պահին կորոնավիրուսով վարակված դատապարտյալ և կալանավոր չունենք, բայց ինչ-որ պահի ունենալու ենք․ նախարար
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, թե ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում մայիսի 14-ին սպասվող արտակարգ դրության ռեժիմից հետո քրեակատարողական հիմնարկներում ևս սահմանափակումները թուլացնելու համար։
«Մայիսի 14-ից մարդիկ կկարողանա՞ն տեսնել իրենց հարազատներին կամ հանձնուք փոխանցել: Դրանից բխող ռիսկերը հաշվի առնելով՝ ի՞նչ եք պատրաստվում անել», - հետաքրքրվեց պատգամավորը։
Նախարարն էլ ընդգծեց, որ կան ներքին կարգավորումներ, որոնք առանց արտակարգ դրության էլ թույլ են տալիս որոշակի կարգավորումներ անել՝ մեղմելով մարդկանց հոսքը քրեակատարողականներ։
«Այս պահին ոչ մի կալանավոր, դատապարտյալ չունենք, որ կորոնավիրուսով վարակված է, բայց կարծում եմ՝ այս իրավիճակը մշտապես չի կարող տևել, որովհետև հասկանում ենք տարածման մասշտաբները, և ինչ-որ պահի ունենալու ենք դա։ Ունենք մշակած ծրագրեր», - հավելեց նախարարը։