07/05/2020 16:05
Կենդանաբանական այգու վերաբացման մասին դեռ խոսք չկա. կենդանիները կարոտում են այցելուներին
Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից առ այսօր Երևանի կենդանաբանական այգին փակել է իր դռներն այցելուների առաջ։
«Կենդանիների նկատմամբ հսկողությունն ավելի է խստացվել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Աննա Վանյանը։
Նա նշեց, որ բոլոր կենդանիներն առողջ են և որևէ խնդիր չունեն։
Այցելուների համար սովորաբար կենդանաբանական այգում տարվա մեկնարկը տրվում է մայիսի 1-ին։ Այս տարի, սակայն, այն անժամկետ հետաձգվել է։
«Վերաբացման մասին դեռ հստակ որոշում չկա։ Վերաբացվելու դեպքում էլ քաղաքացիներին պետք է հորդորենք ու խնդրենք այգի գալիս պահպանել անվտանգության նորմերը, կրել դիմակներ, ձեռնոցներ։ Մենք էլ այնպես կանենք, որ հնարավորինս պահպանվի սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև՝ վերահսկվի մարդկանց քանակն այգու տարածքում», - ասաց Աննա Վանյանը։
Նա նշեց, որ այցելուներին հորդորելու են չկերակրել կենդանիներին։
«Պետք է մտածենք թե՛ սեփական առողջության, թե՛ կենդանիների առողջության մասին», - ասաց Ա. Վանյանը։
Այգում կենդանիների մոտ այժմ զուգավորման, նաև ծնի շրջան է։
«Զուգավորման շրջան է թռչունների մոտ։ Մարտի 15-ին ծնվել է շոտլանդական պոնի, մայիսի 1-ին 2 մուֆլոն է ծնվել, մայիսի 4-ին ևս 2 մուֆլոն են ծնվել։ Առաջիկայում էլ ծնունդներ կունենանք՝ եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր», - տեղեկացրեց Աննա Վանյանը։
Կարանտինի ընթացքում կենդանիները հասցրել են տխրել, քանի որ մարդկային ջերմությանը սովոր են և դրա կարիքը զգում են։
«Այգու աշխատակիցները փորձում են լրացնել այդ բացը՝ կենդանիների համար տարբեր խաղեր ու զվարճանքներ կազմակերպելով», - ասաց այգու մամուլի խոսնակը։