07/05/2020 09:40
«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը երկարացվելու է
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռևս չեն հայտնում։ Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում:
Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջև են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, և հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։
Մյուս կողմից՝ կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել ևս կտապալվի: Այդ պատճառով էլ մտադիր են ևս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել»: