07/05/2020 11:55
2016-ի Օլիմպիական խաղերի ժամանակ 2-րդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ կստանա
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով «Կրթություն» բաժնի կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների շրջանակներում իրականացվող «Մասսայական սպորտ» ծրագրի «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման հատկացումներից 743 միլիոն 769 հազար դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:
Նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Այդ գումարից Նախագծահետազոտական ծախսերի համար հատկացվում է 464 միլիոն 925 հազար դրամ, իսկ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար՝ 278 միլիոն 843 հազար դրամ:
«Սրանով մի շարք կառույցների ավարտական փուլի համար գումարներ ենք հատկացնում, մասնավորապես, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի, Վարդենիսի միջնակարգ դպրոցի, Վանաձորի արվեստի պետական քոլեջի», - ասաց նախարարը։
Նա կարևորեց նաև Արմավիրի մարզում ծանրամարտի մարզադահլիճ կառուցելը:
Նախարարն ասաց, որ մարզիկ Սիմոն Մարտիրոսյանն ու վերջինիս մարզիչը այս հարցով դիմել են իրեն։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղ զբաղեցրած Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, ոսկե մեդալ կստանա, քանի որ առաջին տեղի մարզիկը, իրենց տեղեկություններով, որակազրկվել է դոպինգի պատճառով:
Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մինչև 105 կգ քաշային կարգում երկամարտի 417 կգ արդյունքով նվաճել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալը` առաջ թողնելով միայն Ռուսլան Նուրուդինովին, որը 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Սպորտային արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը հաստատել էր, որ ուզբեկ ծանրորդը 2012 թվականին դոպինգ է ընդունել: