07/05/2020 14:17
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով
Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ, հայտնում են ՀՀ պարետատնից։
Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով:
Բացի այդ՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 դատարկ մահճակալ, որոնց անկողնային պարագաները տրամադրել է Կարմիր խաչը: Վերջինիս կողմից քրեակատարողական հիմնարկին նվիրաբերվել են նաև պուլսօքսիմետրեր, բժշկական անձնակազմի համար նախատեսված հակահամաճարակային պաշտպանիչ համազգեստներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր, հեռահար ջերմաչափեր։ Եվրոպայի խորհուրդն իր հերթին քրեակատարողական հիմնարկին տրամադրել է երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ երկու հիվանդի համար:
Վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատրողական հիմնարկը ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել: