08/05/2020 16:41
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաները ներկայացրեցին կալանքը վերացնելու և գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։
Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։
Պաշտպանը մեջբերեց մարդու իրավունքների հարցերով եվրոպական կառույցների հայտարարություններն ու կոչերը, ըստ որոնց՝ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներն, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:
Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ կորոնավիրուսի առումով Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ մի քանի ռիսկային խմբում Է, իսկ ներկայումս, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։ Կից ներկայացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից համապատասխան բժշկական տեղեկանք։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։
Վադևանյանը ներկայացրեց Արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։ Նա հիշեցրեց, որ մեկ-երկու տարի առաջ Փարիզում ահաբեկչական գործողություններ են եղել, և այժմ այդ անձանց խափանման միջոցը փոխվել է։
«Մենք վերջին շրջանում մոտեցել ենք իրավական նիհիլիզմի մի շարք դրսևորումների։ Բայց եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի», - հայտարարեց Վարդևանյանը։