08/05/2020 13:22
Իշխանական պատգամավորները ցույց տվեցին իրենց արհամարհանքը վարչապետի նկատմամբ. Արմեն Բադալյան
Քաղաքական ներկա համակարգն իր էությամբ կրկնում է նախկին քաղաքական համակարգի որակները, ինչի լավագույն օրինակն այսօր խորհրդարանում գրանցված միջադեպն էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Այն ուժը, որը ժամանակին ընդդիմություն էր և ճնշումների էր ենթարկվում այն ժամանակվա իշխանությունների կողմից, հիմա ինքը նույն գործողությունը կատարեց գործող ընդդիմության նկատմամբ: Եվ սա վարչապետի ներկայությամբ: Սա քծնանքի դրսևորում էր. պատգամավորներից մեկը ցանկացավ ցույց տալ, որ ինքը շատ նվիրված է իշխող քաղաքական թիմին և նրա ղեկավարին: Այդ մղումներից ելնելով՝ նա բռնարարք թույլ տվեց ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ», - ասաց մեր զրուցակիցը:
Արմեն Բադալյանի խոսքով՝ գործող իշխանությունների հռչակած «թավիշը» երբեք էլ չի եղել, փոխարենը միշտ եղել է ատելության քարոզ:
«Իսկ ատելության քարոզը մի օր տալիս է իր արդյունքը: Պատից կախված հրացանը մի օր կրակում է: Երկու տարի շարունակ ակումուլացվող ատելությունը մի օր այսպիսի հետևանաք պետք է տար: Իշխանական պատգամավորներն իրենց այսօրվա գործողություններով արհամարհեցին վարչապետին, ցույց տվեցին, որ նրա ներկա լինել-չլինելը որևէ նշանակություն չունի: Նրանք իրենց գոծողությամբ ոչ թե հարգանք ցույց տվեցին, այլ իրենց արհամարհանքը՝ վարչապետի նկատմամբ», - նշեց քաղտեխնոլոգը: