08/05/2020 14:08
Փաշինյանին պետք է հարցնել՝ ինչպե՞ս է ստացվում, որ համերաշխության կոչերից հետո իր թիմի անդամներն ընդդիմադիր պատգամավորի են ծեծում. Կարեն Քոչարյան
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցածը խուլիգանություն էր: «Թավիշ» ասվածը վաղուց արդեն չկա. չկա այն պահից, երբ ի հայտ եկան սևեր և սպիտակներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Իսկ դա մայիսը չէր: Եթե հիշում եք, դա սեպտեմբերն էր: Այդ պահից սկսած՝ երկրում թավիշ չկա», - ասաց նա:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել՝ ինչպե՞ս է ստացվում, որ համերաշխ հասարակության մասին իր հայտարարություններից հետո իր իսկ թիմի անդամները խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի են ծեծում:
«Ես էլ եմ գտնում, որ հասարակությունը պետք է համերաշխության մեջ ապրի, բայց դրա համար քայլեր պետք է անել: Ես գտնում եմ, որ մինչև հիմա լրիվ հակառակ քայլեր են կատարվել: Երբ անընդհատ ինչ-որ մթնոլորտ է սերմանվում, այսպես է լինում: Այլ խնդիր է, որ իշխանությունը պետք է արդեն վաղուց հասկանար, որ ինքն իշխանություն է, ոչ թե ընդդիմություն և ունենար առաջին հերթին իր թիմին զսպող մեխանիզմներ», - ասաց մեր զրուցակիցը: