08/05/2020 09:55
«Հրապարակ». Պատժում են Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։ Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։
Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը և մարտից փակել է այն։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին էլ՝ և՛ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, և՛ նրա ընկերոջը՝ Վարդան Պողոսյանին, թեև նրանց գրած Սահմանադրությունից և սուպերվարչապետական «կոստյումից» չի հրաժարվում։
Պողոսյանն իրավաբանական շրջանակներում բավականին մեծ հարգանք է վայելում։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն Պողոսյանը հրաժարվել է և առաջարկել է Հրայր Թովմասյանին նշանակել։ Մենք փորձեցինք լսել նաև Պողոսյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին և, առհասարակ, մի քանի տարի է՝ հրաժարվում է մամուլի հետ շփումներից»: