08/05/2020 14:51
ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ որևէ արձագանք չկա. սա հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է․ Մարուքյան (Տեսանյութ)
Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ որևէ արձագանք չկա, ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով առավոտյան իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Երեք ժամ և ավելի մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովորդավարական քաղաքական համակարգին։ Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները և կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախատդեպ բան է տեղի ունեցել», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց՝ թեև պատգամավորները ծեծի ենթարկվել են նաև նախկինում, ինքը չի հիշում, որ որևէ խմբակցության ղեկավար ծեծի ենթարկվեր։
«Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել։ Ինչ եղել է՝ քաղաքական ա, պետք է լինի քաղաքական գնահատական», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, Մարուքյանն ընդգծեց՝ միայն քաղաքական գնահատականը բավարար չէ, դրան պիտի հետևեն գործողություններ։
«Միջադեպն ունի հետևանքներ, քաղաքական հետևանքներ։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում՝ կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում», - ասաց Մարուքյանը, ինչից հետո ԼՀԿ-ն լքեց դահլիճ։