08/05/2020 14:34
Իշխանությունում մարդիկ են, որոնք ունակ են քաղաքական ընդդիմախոսներին հետևից հարվածել, ոհմակով հարձակվել. իրավապաշտպան
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում, խայտառակություն էր, բայց նաև շատ բնական, որովհետև մարդիկ հնարավորություն ունեցան ճանաչելու իրենց ընտրյալներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Իշխանությունում մարդիկ են, որոնք ունակ են մարդ ծեծել, ծեծկռտուք հրահրել, քաղաքական ընդդիմախոսներին հետևից հարվածել, ոհմակով հարձակվել: Այս ամենը պետք է մի օր բացահայտվեր, որովհետև քաղաքական մեծամասնությունն այս որակների կրողն է», - ասաց մեր զրուցակիցը:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ բռնության բացառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած համազգային կոնսենսուսի հիմքը պետք է լիներ:
«Նա գրեթե բառացի ասաց՝ բռնությունը պետք է բացառվի, և այդ կանոնը խախտող անձինք և քաղաքական ուժերը պետք է նետվեն հայ ժողովրդի պատմության աղբանոց: Ես կարծում եմ, որ սրանք շատ հետաքրքիր խոսքեր են», - ամփոփեց իրավապաշտպանը: