08/05/2020 10:50
Ե՞րբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանում. ԱԳՆ խոսնակի հարցը՝ Ալիևին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ խոսքերը։
«Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը:
Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմության, ոչ արժանապատվության և ոչ էլ հիշողության զգացում», - ասել է ԱԳՆ խոսնակը։
Նաղդալյանն ընդգծել է՝ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ է արել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը:
«Հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:
Մենք հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում: Իրենց նվիրմամբ և խիզախությամբ նրանք արժանի եղան իրենց նախնինների և ազգային հերոսների, այդ թվում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փառքով պսակված մարտիկների հիշատակին», - նշել է Ա. Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ:
«Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության:
Այս տեսակետից Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում», - մեկնաբանել է ԱԳՆ խոսնակը։