11/05/2020 10:40
ԱԺ-ն ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին հարցը
Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը, ԱԺ նիստի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Երեկ ստացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների բազմաթիվ ահազանգեր: Բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այն չի բխում երեխայի իրավունքների պաշտպանության լավագույն շահից», - ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին հիշեցրեց, որ կոնվենցիայի վավերացման հարցին հանձնաժողովի նիստում ԲՀԿ-ն կողմ է քվեարկել:
«Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են Ձեր դիրքորոշման վրա ազդել և Ձեր դիրքորոշոււմը փոխել: Կոնվենցիան երեխաների շահերից է բխում, և սա կանխելու է մանկապղծությունը Հայաստանում»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ շեշտեց, որ կոնվենցիայում խնդրահարույց դրույթներ կան:
«Մենք կարող էինք համակողմանի քննարկել կոնվենցիան, նոր դնել քվեարկության», - ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն ի լրումն նկատեց, որ նշված կոնվենցիան մասնագիտական ՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողոովում է քննարկվել, որի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է:
Օրենքի նախագծին ընդունվեց 72 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: