11/05/2020 18:34
ՊԵԿ շնագիտական կենտրոնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները:
Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են դիմակով և ձեռնոցով: Ծառայության ավարտից հետո ախտահանում է իրականացվում նաև ծառայողական շների համար:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներն այս օրերին տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում: Սակայն Մեղրիի մաքսային կետ-բաժնում մշտական ծառայությունը պահպանվում է:
Արտակարգ դրության ընթացքում Մեղրիի աշխատակիցների մի մասը երկարատև վերապատրաստում է անցել շնագիտական կենտրոնում, բարձրացվել են շնավարժների նեղ մասնագիտական գիտելիքները, ծառայողական շների աշխատանքային որակները և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Ուզբեկստանի Հանրապետությունում վերապատրաստված երկու շնավարժ-կինոլոգները տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ են անցկացրել բաժնի աշխատակիցների համար` կինոլոգիայի ծագման, զարգացման, շների հոգեբանության, ընդհանուր և հատուկ վարժեցման վերաբերյալ:
ՊԵԿ շնագիտական կենտրոնում շարունակում են բարձրացնել ծառայողական շների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։ Անցկացվում են թմրանյութերի և հոգեմետ դեղերի որոնման մարզումներ` իրականին նմանեցված պայմաններում, մասնավորապես՝ մարդատար մեքենաներում, փոստային բաժանմունքի, մաքսային անցակետի և բնակարանի նմանեցված սենյակներում։
Պարապմունքներին զուգահեռ մաքսային ծառայողները հոգում են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի կանաչապատման մասին՝ տնկելով ավելի քան 300 ծառ։