12/05/2020 11:54
Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում
Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում և կոռուպցիայի վերահսկման գործում, տեղեկացնում է USAID-ը։
Երևանում ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։
ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին՝ մշակելու և իրականացնելու դեմոկրատական բարեփոխումներ։
«ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանին՝ ունենալու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ և շարունակում է նպաստել ընտրական ինստիտուտների ամրապնդմանը, աջակցել ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:
Ունենալով մեր հայ գործընկերների՝ կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառաությունը՝ նպաստում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զարգացմանը։
Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների մեծ շրջանակի՝ տեղեկացնելու, ներգրավելու և քաղաքացիներին զինելու անհրաժեշտ գիտելիքներով՝ դառնալու երկրի ժողովրդավարական ապագայի ակտիվ մասնակիցներ», - ասված է USAID-ի հայտարարության մեջ։
Մանրամասներն՝ այստեղ։