12/05/2020 17:23
Իսպանիան երկիր մուտք գործող բոլոր անձանց համար երկշաբաթյա կարանտին է սահմանել
Իսպանիայի առողջապահության նախարարությունը մայիսի 15-ից երկիր մուտք գործող բոլոր մարդկանց համար սահմանում է պարտադիր երկշաբաթյա կարանտին, գրում է «El Pais»-ը:
Այդ 14 օրերի ընթացքում նրանք ստիպված կլինեն մնալ տանը: Փողոց դուրս գալ կթույլատրվի միայն դիմակով և միայն սնունդ կամ դեղամիջոց գնելու համար: Դուրս գալ կթույլատրվի նաև ֆորսմաժորների դեպքում: Թե կոնկրետ ինչն է համարվելու ֆորսմաժորային հանգամանք, թերթը չի նշում:
Կարանտինի նպատակը նոր դեպքերի ներմուծումը կանխելն է:
Եթե կարանտինացված անձը նկատի իր մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշաններ, ապա պետք է զանգահարի բժշկական ծառայություն:
Այս պահին Իսպանիա կարող են մուտք գործել միայն երկրի քաղաքացիները, օտարերկրյա դիվանագետները, բժիշկները, որոնք չեն զբաղվել կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ, ինչպես նաև՝ օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռների անձնակազմերը:
Պարբերականի տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակված է 268 143 մարդ, մահացել է 26 744 պացիենտ: