13/05/2020 14:18
Արցախում կորոնավիրուսի վեց նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից):
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 7-ից, ԱՀ Պարետի որոշման համաձայն, Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում մտցվել էին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, իսկ մայիսի 12-ից սահմանափակվել է ամբողջ շրջանի տեղաշարժը:
Առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: