13/05/2020 12:43
Փոխանակ տնտեսության կոտրված մեջքը շտկելու, խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգով. Իվետա Տոնոյան
Որևէ դեպքում որէև բան չի կարող կաշկանդել մեզ՝ այս կամ այն հարցի շուրջ հանդես գալու առողջ քննադատությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ինչ վերաբերում է այս քառօրյայում խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին, ապա այն տհաճ և ցավալի էր: Միջադեպը որևէ կերպ չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության, ժողովրդավարական արժեքների տրամաբանության մեջ: Մենք մեր գործընկերներին կոչ ենք արել վերադառնալ կառուցողական դաշտ, որովհետև այսօր երկրի առջև ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծվեն:
Փոխանակ տնտեսության կոտրված մեջքը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգ քննարկելով: Սա, կարծում եմ, որևէ մեկին օգուտ չի տալու», - ասաց բանախոսը:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ պետք է քննություն իրականացվի, մեղավորները պարզվեն և գնահատականներ հնչեցվեն:
«Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու բարտերային առաջարկներին, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի իր գործունեության տրամաբանությունը», - ասաց բանախոսը: