14/05/2020 11:25
Եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բուժման անհրաժեշտություն, Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապոտ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին արձանագրվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք։
«Ունենք հարյուրը գերազանցող ամենօրյա դեպքեր ու այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, թե կորոնավիրուսը իրականում բլեֆ է, գոյություն չունի։
«Ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը ու սա ունի կոնկրետ պատճառ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 70֊ից ավելի տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, սա նշանակում է, որ մարդը կա՛մ կարճ շրջան ջերմություն է ունեցել, կա՛մ ինքն էլ չի նկատել, որ ջերմել է ու նրա մոտ ախտորոշվել է դրական ու, ըստ էության, այս պարագայում հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է», - նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան դեպքեր, երբ մարդիկ դրական ախտորոշում են ունեցել, հետո դուրս են գրվել բացասականով , մինչ օրս չեն հավատում, որ որևէ հիվանդությամբ հիվանդացել են։
«Մենք այսօր մեր հետագա անելիքների հետ կապված որոշում պիտի կայացնենք, մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, պարտադրել, որ անհրաժեշտ է պահել անվտանգության որոշակի կանոններ, մենք կրկին չպետք է հետ գնանք փակման ռեժիմների», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, թե մարտին ունեին հաշվարկ, որ եթե Հայաստանում իրադրությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կունենա 10 հազար մահ։
«Մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա ու եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բուժման անհրաժեշտություն, Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։