14/05/2020 14:14
Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ներկայացրած հիմնավորումը մասնագիտական քննադատության չի դիմանում. Ռուբեն Մելիքյան
Ողջունելի է, որ վարչապետի կողմից անդրադարձ կատարվեց արտակարգ դրության երկարաձգման հարցին, որովհետև այս պահին իրավունք ստացանք հստակ արձանագրել, որ «սովորական» օրենքներով մյուս բոլոր սահմանափակումներն ամրագրելու մասով կառավարության ղեկավարը որևէ խնդիր չի տեսնում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշպան Ռուբեն Մելիքյանը:
«Ինչ վերաբերում է բնակավայրերը փակելուն, ապա ես շատ զարմացած եմ վարչապետի մեկնաբանությունից, որովհետև այս սահմանափակումը ևս շատ հեշտությամբ կարող էր «սովորական» օրենքներով կարգավորվել. ինչո՞ւ, որովհետև մենք այստեղ գործ ունենք ազատ տեղաշարժման իրավունքի հետ: Իսկ բնակավայրերը փակել՝ նշանակում է քաղաքացիներին զրկել ազատ տեղաշարժի իրավունքից: Այս իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրության 40-րդ հոդվածով, երկու պայմանի առկայությամբ օրենքով կարող է հեշտությամբ կարգավորվել:
Պայման առաջին. դա պետք է կարգավորված լինի օրենքով, ինքնին հասկանալի է, և պայման երկրորդ՝ պետք է հետապնդի Սահմանադրությամբ նախատեսված իրավաչափ նպատակ: Սահմանադրության 40-րդ հոդվածն էլ նախատեսում է այդ հնարավոր իրավաչափ նպատակների թվում առողջության իրավաչափ շահը և անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
Առնվազն այս երկու իրավապահ շահերը լրիվ հնարավորություն են ընձեռում, որպեսզի 1992 և 1998 թվականին ընդունված շատ հին օրենքներով շատ հստակ կարգավորումներ սահմանվեն, և այս խնդիրը նույնպես լուծել: Ուստի, կարող ենք արձանագրել, որ վարչապետի ներկայացրած հիմավորումը մասնագիտական քննադատության չի դիմանում: Հույս եմ հայտնում, որ գործադիրի ղեկավարը կրկին կքննարկի այս հարցը՝ այս անգամ արդեն նորմալ իրավաբանների հետ: Պատճառը, կարծում եմ, այն է, որ վարչապետին հարցի իրավական կողմը սխալ են ներկայացրել», - ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց բազմաթիվ իրավաբանների քննադատությանը, որ արտակարգ դրությունը հնարավոր է վերացնել, իսկ օբյեկտիվորեն անհրաժեշտ սահմանափակումներն ամրագրել «սովորական» օրենքներով։
Գործադիրի ղեկավարը նշեց, որ այդ տարբերակը քննարկել են, և գտել են, որ անհրաժեշտ բոլոր սահմանափակումները իսկապես հնարավոր է կարգավորել «սովորական» օրենքներով՝ մեկ բացառությամբ. բնակավայրերը անհրաժեշտության դեպքում «փակելու» հնարավորություն «սովորական» օրենքներով կառավարությանը չի կարող տրամադրվել։