14/05/2020 12:25
Կառավարությունը մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին դրամաշնորհ կվճարի
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գրավոր ընթացակարգով ընդունել են հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։
«Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այս միջոցառումը վերաբերում է մինչև հարյուր աշխատող ունեցող ընկերություններին։
«Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերը ու աշխատավարձային ֆոնդը պահպանել», - նշեց վարչապետը։
Վարչապետն ասաց, թե այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։