15/05/2020 13:30
Սլովենիայում հայտարարել են COVID-19-ի ավարտի մասին
Սլովենիայի կառավարությունը հեռախոսային նիստի ժամանակ հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին՝ տարածման ցուցանիշի նվազման արդյունքում, հայտարարել են նախարարների կաբինետից:
«Կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած հեռավար նիստի ժամանակ հայտարարել է, որ մարտի 12-ին հայտարարված համաճարակային իրավիճակը հաղթահարել են: Հանրային առողջության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածումը նվազել է»,- հայտնել է կառավարությունը:
Վերջին տվյալով՝ Սլովենիայում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում: Երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1465, որից մահացել է 103-ը: Վերջին օրը կորոնավիրուսի ախտորոշում հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:
Կառավարության որոշմամբ հնարավոր է դառնում Սլովենիայի սահմանը հատել Ավստրիայից, Իտալիայից և Հունգարիայից, նաև օդանավակայանի բացումը անվտանգության կանոնների պահպանմամբ: Սլովենիա ժամանող այն քաղաքացիները, որոնք չունեն մշտական կացության իրավունք պարտավորված են լինելու կարանտինի մեջ գտնվել 14 օր: Մայիսի 18-ից երկրում կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները: