15/05/2020 09:44
«Ժողովուրդ». Հայտնի է Էդվարդ Նալբանդյանին տեսակապով հարցաքննելու նիստի օրը
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել: «Ժողովուրդ» թերթի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հենց այդ օրը հանձնաժողովը տեսակապով հարցաքննի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Սակայն չի բացառվում, որ երկուշաբթի օրը հանձնաժողովականներին «հյուընկալվի» այլ անձ, իսկ Նալբանդյանի հետ տեսակապն այլ օր նշանակվի:
Բանն այն է, որ, գրում է թերթը, արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փոձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին: Նշենք նաև, որ հնարավոր է՝ այս հանդիպում-զրույցը վերջինը լինի քննիչ հանձնաժողովի համար, որից հետո հանձնաժողովականները պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ կրկին կհանդիպեն ներկա և նախկին պաշտոնյաների հետ, ովքեր տեղյակ են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներից: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, և Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը: